ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Երաժշտությունն անմիջական և ուժեղ ազդեցություն ունի մարդկանց ոչ միայն զգացմունքների, այլև գիտակցության վրա»

«Երաժշտությունն անմիջական և ուժեղ ազդեցություն ունի  մարդկանց ոչ միայն զգացմունքների, այլև գիտակցության վրա»
14.06.2013 | 11:46

«Իրատես de facto»-ի հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԸ:
-Ալլա, յուրաքանչյուր արվեստագետի կյանքում, որ ժանրն էլ նա ներկայացնի, լինում է կոնկրետ ինչ-որ պահ, կոնկրետ մի ստեղծագործություն, որից սկսվում է նրա վերելքը: Ձեր ստեղծագործական կյանքում ո՞րն է դա:
-Իմ գրած «Հայաստան» երգն էր, որը, ընդունված բնորոշմամբ, դարձավ իմ այցեքարտը: Երգը տեսահոլովակ չուներ, բայց շատ տարածվեց և ընդունվեց: Տեսահոլովակը հաճելի բան է, եթե ճիշտ է նկարվում, նպաստում է երգի ճանաչմանը: Բայց չի կարելի բացարձակացնել դրա արժեքը: Կարևոր է, որ երգը լավը լինի: Արթուր Գրիգորյանը միշտ կատակում էր, թե այդ երգը գրելուց հետո ես քնեցի-արթնացա ու դարձա հանրաճանաչ, և արդուկը միացնելիս անգամ այդ երգն էր հնչում: Մինչև հիմա այդ երգի պահանջարկը կա, մանավանդ սփյուռքյան մենահամերգների ժամանակ: Այս և էլի մի քանի երգեր դահլիճն ինձ հետ հավասար երգում է: ՈՒրուգվայից Արգենտինա, Պարսկաստանից Գերմանիա գիտեն այն և էլի մի քանի երգեր: Մինչև «Հայաստանն» էլ եղել են բավական հետաքրքիր երգեր` «Վերադարձիր», «Օտարական», «Ես եմ»: Արմեն Մարտիրոսյանն իմ երգարվեստի մասին ասում էր, թե ֆենոմենալ երաժշտություն է ծնվել, Օրբելյանը դա կոչում էր ալլալևոնյանական ոճ: Հանրաճանաչ դառնալը շատ ավելի հեշտ է, քան հանրաճանաչությունը պահելը: Իհարկե, պահելու հանգամանքը նաև ֆինանսից է կախված, բայց` ոչ միայն: Ես տարվա մեջ չեմ հասցնում մեկ-երկու տեսահոլովակ ունենալ: Բայց դա ինձ չի խանգարում` բարձրության վրա մնալու: «Հայաստան» երգից հետո պետք էր այնպիսի բան անել, որ եթե ավելի լավը չլիներ էլ, գոնե լիներ նույն մակարդակի վրա: Դրանից հետո ծնվեց «Հոյ նարը», որը կարծես ծառայեց իր նպատակին: Ապա, ցավալի դեպքերի բերումով, ծնվեց «Սպարապետը», որը հյուրախաղերի ժամանակ մարդիկ պարզապես հոտնկայս երգում են ինձ հետ, պահանջում մի քանի անգամ կրկնել: Երգեր հաճախ չեմ գրում, հիմնականում` պահի ազդեցության տակ: Ես ավելի շատ զգայական մարդ եմ, իմ մեջ գերակշռողը զգացմունքն է, ոչ թե տեխնիկան: Ավելի ուշ այդպես են գրվել նաև «Գնամ հասնեմ», «Օրոր» երգերը: «Օրորը» գրվել է իմ առաջնեկի` Ժանուլիկի ծնվելուց հետո, և ես անընդհատ ուզում էի տեսահոլովակ նկարել: Բայց ծնվեց Հայկը, չհասցրի ուզածս իրագործել: Հիմա հույս ունեմ, որ երրորդ բալիկիցս հետո վերջապես «Օրորի» տեսահոլովակը կնկարվի: Երգերի տեքստերը և երաժշտությունն ինքս եմ գրում: Մատների վրա կարելի է հաշվել այն երգերը, որոնց խոսքերը ես չեմ գրել: Հետո ստեղծվեց «Իմ մայրիկ» երգը, որի ծնունդն ինքնանպատակ չէր: Երբ մի գործ ես անում, ինչ-որ բան ապացուցելու, ինչ-որ մրցանակի արժանանալու համար չէ, որ պիտի անես: Ինձ շատ են հարցնում, թե ինչպիսին է իմ մայրիկը, ես էլ պատասխանում եմ, որ այդ երգը լսելով` կարելի է հասկանալ: Հրանտ Մովսիսյանի տեսահոլովակն էլ հրաշալի լուծումով է նկարված: Միշտ մտածում էի, որ մայրս ունեցել է երեխաներ (ես չորրորդն եմ), շահել-պահել է մեծ դժվարությամբ, գյուղական միջավայրում, եղել է ուսուցչուհի, բայց երբեք չի կարողացել աշխատել իր մասնագիտությամբ, ծանր հոգսերի մեջ է ապրել: Այս ամենի համար ես ուզում էի ինչ-որ կերպ իմ շնորհակալությունը հայտնել, իմ սերն արտահայտել մորս հանդեպ: Այդ զգացմունքներից, այդ սիրուց էլ ծնվեց երգը: Հետո ծնվեց «Գնա ու կռվիրը»:
-Որը պետական պատվեր էր:
-Այո՛: Սա այն դեպքն էր, երբ ստեղծագործական հոգեվիճակն ու պետական պատվերը համընկան: Տոնվում էր Հայոց բանակի 15-ամյակը, որին նվիրված մեծ համերգ կազմակերպեց մեր պետությունը: Այդ տարի շատ գեղեցիկ երգեր ծնվեցին բանակի թեմայով: Ինձնից պահանջվում էր գրել այնպիսի երգ, որի մեջ մայրը դիմում է որդուն:
-Այսինքն` պետք էր համադրել Ձեր ստեղծագործության մեջ շեշտադրվող երկու գլխավոր թեմաները` հայրենասիրության և մայրության:
-Այո՛: Ցանկալի էր, որ այդ երգում լիներ ոչ միայն բանակի թեման, այլև մոր վերաբերմունքը: Հավատացեք, որ պատվերն ստանալուց 10-15 րոպե հետո երգը պատրաստ էր: Ընդհանրապես, ինձ մոտ այդպես է. զգացմունքը գալիս-հանձնվում է թղթին: Եթե ինձ համոզում է, զգում եմ, որ շինծու չէ, պահում եմ, եթե ոչ, իսկույն պատռում եմ: Դա շատ արագ է լինում:

-Խորհրդային մշակույթը տասնամյակներ շարունակ քարոզում էր ինտերնացիոնալիզմի գաղափարախոսությունը, ազգային ընդգծված դրսևորումներն արվեստում համարում նացիոնալիզմի դատապարտելի երևույթ: Հիմա ժամանակները փոխվել են, և փաստերը վկայում են, որ յուրաքանչյուր արվեստագետ սիրելի և ընկալելի է ցանկացած հասարակության մեջ, եթե նրա ստեղծագործության մեջ առկա են ազգային տարրեր: Ո՞րն է ազգայինի հմայքի գաղտնիքը: Ինչպե՞ս է պատահում, որ Չինաստանում, Ինդոնեզիայում պահանջարկ է ունենում Ձեր երգը:

-Ես, իհարկե, երջանիկ կլինեի, որ իմ համերգներին ունկնդիրների գոնե 20-30 տոկոսը լիներ օտարազգի: Բայց այդպես չի լինում: Գուցե մի երեք-չորս տոկոսի հասնի այդպիսիների թիվը, բայց ոչ ավելի: Հիմնականում ինձ լսում է հայկական սփյուռքը: Հետաքրքիր է, որ ինտերնետով իմ ձայներիզները շատ են պատվիրում հենց Չինաստանից, Ինդոնեզիայից: Նույն թուրքերը, որոնց ես տանել չեմ կարողանում ֆիզիկապես, համարում եմ թշնամի` բառի բուն իմաստով, շատ լավ խոսքեր են ասում իմ երգերի մասին: Իհարկե, թուրքերի մեջ էլ կան լավ մարդիկ, բայց սա առանձին խոսակցության թեմա է: Ես Բեյրութում համերգ էի տալիս, որին ներկա էր աֆրիկյան ցեղի մի իշխանուհի` իրեն ուղեկցող շքախմբով: Երկու օր եկավ իմ համերգին ու գնեց մի քանի ձայներիզ: Ըստ երևույթին` նրանց դուր են գալիս իմ տեմբրը և երգերիս հայկական երանգը: Մենք համարվում ենք կիսով չափ արևելքցի, կիսով չափ արևմուտքցի, ու երևի թե երկու կողմի համար էլ ընդունելի ենք: Բայց ամեն բան պիտի իր միջավայրում դրսևորվի: Երբ ես Բեյրութում եմ լսում արաբական երաժշտություն, դա ինձ դուր է գալիս, բայց երբ այդ ոճը խառնվում է հայերի երգին, ընդունելի չեմ համարում: Ես չեմ սիրում պարզունակություն, բայց պարզությունը, մատչելիությունը միշտ ընդունելի են: Երբ մենք մեր ստեղծագործություններում օգտագործում ենք կոմիտասյանը, ժողովրդականը, պիտի չափը չանցնենք: Իմ երգերում ես առաջնորդվում եմ այն մոտեցմամբ, որ դրանք լինեն ոչ այնքան պարզ, որ պրիմիտիվ թվան, և ոչ այնքան բարդ, որ մարդիկ երկար մտածեն, երկար լսեն` հասկանալու, ընկալելու համար: Ոսկե միջինին եմ ձգտում, որն ուղղակի դիպչում է մարդկանց սրտին:

-Խոսեցիք թուրքերից: Թուրքական պետական հեռուստատեսությամբ առաջին անգամ եթեր է հեռարձակվել հայազգի երգչուհի Էրլին Թումաօղլուի «Ձյունի փաթիլ» երգը` արևմտահայերեն տեքստով: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը` իբրև երգչուհի և իբրև հայուհի: Կարո՞ղ է արվեստը կոտրել այն պատնեշը, որը տասնամյակներ շարունակ չեն կարողանում կոտրել քաղաքական, դիվանագիտական բանաձևերը:
-Ընդհանրապես, կարծում եմ, որ երաժշտությունն անմիջական և ուժեղ ազդեցություն ունի մարդկանց ոչ միայն զգացմունքների, այլև գիտակցության վրա: Բազում փաստեր կարող եմ բերել թե՛ իմ, թե՛ ուրիշ երգիչների օրինակով: Երբ ես երգում եմ, դահլիճում նստած հազարավոր մարդիկ այնպիսի դեմքերով, այնպիսի աչքերով են ինձ ունկնդրում, որ վստահ եմ` եթե ես նրանց կոչ անեմ տեղերից վեր կենալ և հետևել ինձ, գնալ ինչ-որ քայլի, նրանք կենթարկվեն: ՈՒրեմն պետք է այդ ազդեցությունը ճիշտ օգտագործել: Կարող է մի դիվանագետ, մի քաղաքական գործիչ ժամերով խոսել լսարանի հետ, բայց չգործել այն ազդեցությունը, որ գործում է երգը: ՈՒրախ եմ, իհարկե, մեր հայրենակցուհու համար, բայց թուրքերը, լինելով շատ դիվանագետ ազգ, այդ քայլով ուզում են ցույց տալ, թե իբր խտրականություն չեն ցուցաբերում հայազգի երգչուհու նկատմամբ: Ես դեմ եմ, երբ ասվում է, թե պետք է մոռանալ անցյալը, պետք է ամեն ինչ սկսել նոր էջից ու հասնել այն բանին, որ տնտեսական վիճակը լավանա: Կան սկզբունքներ, որոնք չի կարելի դնել մի կողմ` ավելի լավ ապրելու համար:
-Ձեր բուռն ստեղծագործական կյանքը Ձեզ չի՞ զրկում ընտանեկան, կանացի վայելքներից: Ո՞վ է այս հարցում Ձեր հենարանը, որի կարիքը, կարծում եմ, ավելի կզգաք երրորդ բալիկին խնամելիս:
-Երբ ինչ-որ բան ուզում ես անել, անում ես, հասցնում: Եթե մտածես, որ չես կարողանալու անել, երբեք էլ չես անի: Իմ բեմական գործունեության գրեթե 18 տարիները վերլուծելով` տեսնում եմ, որ պահ է եղել, երբ գերիշխել է ընտանիքը, պահ է եղել, երբ կարևորվել է բեմական գործունեությունը: Մեկը մյուսին զիջելով` համատեղվել են: Իհարկե, հենարանը հենց ընտանիքն է, ամուսինս` Սերոն, որ միշտ հասկանում է ինձ, օգնում: Որպես կին` առաջնայինը միշտ էլ համարում եմ ընտանիքը, բայց և չեմ մտածում, թե երբևէ կարող եմ չերգել: Երգն իմ ենթագիտակցական շերտում է, դարձել է ապրելակերպ: Այն իմ կյանքն է: Ժամանակավոր դադար կարող եմ տալ` հանուն ընտանիքի, բայց ոչ ընդմիշտ հրաժարվել երգից:
-Երազում եք ջազ-ֆոլկ բենդ ունենալ: Սա ընդամենը երազա՞նք է, թե՞ արդեն ստեղծագործական նախագիծ:
-Երազանքն ինձ համար մի քիչ ավելի գլոբալ հասկացություն է: Այդ բենդը կդառնա նախագիծ, երբ ես պատրաստ լինեմ դրան: Այսօր շատ լավ երաժիշտներ կան, պարզապես պիտի կազմվի ծրագիր և գտնվեն ֆինանսներ` բենդը պահելու: Ավելի շատ ուզում եմ համաշխարհային մակարդակի խումբ ստեղծել: Թող բարձրագոչ չհնչի, բայց ես դրան եմ ձգտում: Ես, ինչպես իրեն հարգող յուրաքանչյուր երգիչ, կուզեի համաշխարհային շուկայում ունենալ իմ տեղը: Դա փոքր ազգերին այնքան էլ հեշտ չի տրվում, բայց ես ունեմ այդպիսի ձգտում:
-Յանիի խմբի երևանյան համերգին եք մասնակցել` Ռազմիկ Ամյանի, Արսեն Գրիգորյանի (Ասոյի) հետ: Ի՞նչ տվեց այդ համերգը Ձեզ:
-Յանիի խմբի հետ կապ ուներ Կամո Սեյրանյանը: Նա պրոֆեսիոնալ երաժիշտ է, և դուդուկն էլ այսօր այնպիսի ժողովրդականություն է վայելում աշխարհում, որ ճանաչելի դառնալը հեշտացել է: Ինձ համար կարևոր էր ելույթ ունենալ այդ աշխարհահռչակ երաժիշտների հետ: Իրենք այնքան ոգևորված էին մեր երգով, մոտենում, լուսանկարվում էին ինձ հետ: Ըստ երևույթին` իմ տեսակն իրենց հետաքրքրում էր: Շատ հաճելի էր այդ աշխատանքը: Մեր ազգային երգը` խառնված իրենց իսպանալեզու ռեպի հետ, շատ յուրահատուկ միքս էր դարձել:
-Ալլա, Դուք շատ պատասխանատու մեկ այլ առաքելություն եք իրականացնում. Հայաստանն եք ներկայացնում` իբրև ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան: Այս առաքելությունը վստահվում է աշխարհահռչակ մարդկանց, ինչպիսիք են, օրինակ, գրող Պաուլո Կոելյոն, դերասանուհիներ Օդրի Հեփբըռնը, Անջելինա Ջոլին, ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը: Ի՞նչ կոնկրետ գործողություններ եք իրականացնում այս դաշտում:
-Այս մասին երևի թե պետք է ավելի շատ խոսել լրատվամիջոցներով, որովհետև մարդիկ թյուր կարծիք ունեն դեսպան բառի վերաբերյալ: 2007 թվականին ինձ հրավիրեցին ՄԱԿ-ի գրասենյակ և ասացին, որ որոշել են ընտրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան: Սովորաբար ես ինձ վրա վերցնում եմ այնպիսի գործեր, որոնք կարող եմ հաղթահարել: Տարիների ընթացքում ձեռք եմ բերել դիրք, ճանաչում, սիրված եմ: Դա նրանից է, որ երբեք չեմ փորձում անել ավելին, քան կարող եմ: ՈՒ հենց սկզբից ասացի, որ եթե իմ ուսերին պիտի դրվի այնպիսի գործ, որը ես չեմ կարողանալու անել, ուրեմն կհրաժարվեմ այդ առաքելությունից: Նրանք ասացին, որ նման բան չի լինի, որ ինձ ընտրել են` հաշվի առնելով իմ կարգավիճակը, հասարակության մեջ ունեցած դիրքը, ապրելակերպը, նույնիսկ իմ երգերի էներգետիկան: Ասացին, որ պիտի շարունակեմ ապրել այնպես, ինչպես ապրել եմ մինչ այդ, անգամ պարտավորված չեմ մասնակցել բարեգործական համերգների: Եվ այս առաքելությամբ ես հաճախ եմ ստանում զանգեր այնպիսի ընտանիքներից, որոնք չեն կարողանում հոգալ իրենց երեխաների բուժման ծախսերը եվրոպական երկրներում կամ հենց այստեղ` Հայաստանում: Ե՛վ հետպատերազմյան, և՛ հետերկրաշարժյան ցավալի հետևանքները շատ են մեր կյանքում: ՈՒ ամեն անգամ` այսպիսի դեպքերի հետ բախվելիս, ես երազում եմ այնքան գումար ունենալ, որ կարողանամ օգնության ձեռք մեկնել այդ մարդկանց: Անջելինա Ջոլիին հիշատակեցիք: Նա ապրում է մի երկրում, որտեղ իր կարիերայի համար այնքան են վճարում, որ կարող է իրեն թույլ տալ շռայլ նվիրատվություններ անել, զգալի աջակցություն ցուցաբերել կարիքավորներին: Բացի այդ, նրան իր պետությունն էլ է գումար տրամադրում: Մեզ մոտ այդպիսի բան չկա: Մեր երկիրը չի համարվում, օրինակ, աֆրիկյան հետամնաց երկիր, որտեղ չկան այնպիսի բրենդային խանութներ, թանկարժեք մեքենաներ, ինչպիսիք կան մեզ մոտ: Կա հատուկ ծրագիր ամեն մի երկրի համար, որից դուրս ոչինչ չի արվում: Ես ընդամենը խոսնակ եմ ժողովրդի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև: Պատրաստում ենք պաստառներ, քարոզչություն տանում որոշակի հարցերի վերաբերյալ, հանդես գալիս մամլո ասուլիսներով: Օրինակ` այս տարի մեծ ակցիա ենք ծավալել, որի գաղափարախոսությունն է` «Երեխան ընտանիքում»: Ցանկալի չէ, որ երեխան մեծանա հարազատից, ընտանիքից հեռու: Այսքան շատ մանկատների գոյությունը լավ բան չէ, և մենք դրա դեմ ենք մեր ձայնը բարձրացնում: Կամ օրինակ` ազգովին վահանաձև գեղձի հետ կապված խնդիր ունենք, որը պայմանավորված է մեր բնակլիմայական, կենսական պայմաններով: Մենք քարոզում ենք օգտագործել յոդացված աղ: Մայրերին խորհուրդ ենք տալիս, որ իրենց երեխաներին գոնե վեց ամիս կերակրեն մայրական կաթով: Այնպես չէ, որ ես ամեն օր գնում եմ աշխատանքի և զբաղվում այս առաքելությամբ: Դա արվում է անհրաժեշտության դեպքում: Այստեղ կարևորն այն մարդու անձն է, ով տալիս է անհրաժեշտ խորհուրդները: Եթե դա անում է մի անծանոթ օտարերկրացի, մեր ժողովուրդը կարող է ո՛չ լսել, ո՛չ նշանակություն տալ: Բայց երբ անում է իր համար ծանոթ, սիրելի մեկը, ապա խոսքն ավելի արագ է տեղ հասնում: Սա է այդ առաքելության էությունը: Իմ ցանկությունն է, որ մեր հասարակությունը չհուսահատվի, փողոցում շատ լինեն ժպտացող դեմքեր, ֆինանսապես ապահով և հոգեպես ներդաշնակ լինեն մարդիկ: Ես հավատում եմ Աստծուն և վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Բոլորին սեր ու երջանկություն եմ մաղթում:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ